38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԱՆՊԱՅՄԱՆ ՉԷ ԹՈՒՐ ԲԱՐՁՐԱՑՆՈՂԻՆ ԹՐՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ»

«ԱՆՊԱՅՄԱՆ ՉԷ ԹՈՒՐ ԲԱՐՁՐԱՑՆՈՂԻՆ ԹՐՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ»
10.09.2010 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրատես de facto»-ի հյուրը Մինաս Ավետիսյանի այրին է` գեղանկարչուհի ԳԱՅԱՆԵ ՄԱՄԱՋԱՆՅԱՆԸ: Վերջին շրջանում նա ստեղծագործում է առավելապես նատյուրմորտի ժանրում և մտմտում անհատական ցուցահանդեսով արվեստասերներին ներկայանալու ծրագրի շուրջ:
«ՄԻՆԱՍԻ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԸ ԿՓՐԿՎԵՆ»
-Տիկին Գայանե, դժվա՞ր է տաղանդավոր արվեստագետի կին լինելը:
-Ե՛վ հեշտ է, և՛ դժվար: Մենք շատ տարբեր բնավորություններ ունեինք, բայց մեր միջև հոգևոր կապ է եղել, որն ամենաէականն է: Ես ավելի մեղմ մարդ եմ, քան Մինասը: Փորձում էի գտնել նրա հետ հարաբերվելու ճիշտ ձևը: Երբ նա բուռն, ստեղծագործական վիճակներում էր, ես մի կողմ էի քաշվում, աշխատում էի լուռ լինել: Դա տևում էր այնքան, մինչև ինքն էր խախտում լռությունը: Բայց ընդհանրապես շատ ջերմ էր վերաբերվում ինձ, ցանկանում էր, որ անպայման ստեղծագործեմ, որ չմարեր իմ մեջ եղած ստեղծագործական ջիղը: Հասկանալի է, որ դրան խանգարում էին փոքրիկ երեխաներս, անվերջանալի հյուրընկալությունները: Ժամանակը չէր բավականացնում: Բայց թե՛ իր կյանքի օրոք, թե՛ հետո նկարել եմ, որքան կարողացել եմ:
-Հենրիկ Իգիթյանը խոստովանել է. «Ես չեմ կարող Մինասի նկատմամբ լինել օբյեկտիվ: Նա իմ կյանքի նկարիչն է»: Մինասին այսպես վերաբերվող արվեստաբանը դժգոհ էր, որ նրա ժառանգությունը տնօրինելու առաքելությունն ստանձնել է ընտանիքը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Բարդ հարց է, կգերադասեի չպատասխանել: Մենք միշտ էլ գնահատել ենք Հենրիկ Իգիթյանի գործունեությունը Մինասի ստեղծագործության արժևորման հարցում: Բայց, այդուհանդերձ, կան որոշակի նրբություններ. մենք չէինք ցանկանա, որ Հենրիկ Իգիթյանը գլխավոր դերակատարը լիներ մեր ընտանիքի ճակատագրում: Չէի ասի, թե մեր միջև լուրջ հակամարտություններ են եղել, բայց և կարծում ենք, որ Մինասի ստեղծագործությամբ զբաղվելու իրավունքը ոչ միայն Իգիթյանին էր պատկանում: Մենք մեծ գործունեություն ենք ծավալել Մինասի ստեղծագործության լուսաբանման ուղղությամբ: Կազմակերպել ենք ցուցահանդեսներ, զբաղված ենք որմնանկարների վերականգնման հարցով:
-Վերջին շրջանում, իսկապես, որոշակի դրական տեղաշարժ է նկատվում Մինասի որմնանկարների վերականգնման հարցում: Ի՞նչ ճակատագիր է սպասում դեռևս չվերականգնված աշխատանքներին և Մինասի թանգարանին Ջաջուռում:
-Ջաջուռի թանգարանում վիճակը սկզբնական շրջանում բավականին ծանր էր. հաստիքներ չկային, պայմաններն այն չէին: Հասկանալի է, որ ցանկացած գործ սկսելիս դժվարություններն անխուսափելի են: Բայց հիմա վիճակը բարելավվել է: ՈՒրախալի է, որ Մինասի ստեղծագործությունն ընկալում-սիրում են բոլորը: Գյուղի մարդիկ, արվեստի հետ որևէ կապ չունեցող մարդիկ ուղղակի ցնցվում են` նայելով Մինասի աշխատանքները: Թանգարանում հավաքված են Մինասի գործերի բնօրինակները: Մեծ դժվարությամբ կարողացանք այնտեղ տեղափոխել իտալացիների վերականգնած մեկ որմնանկարը, որը գտավ իր իսկական տեղը: Թանգարանում են պահվում նաև մեր ձեռքի տակ եղած շատ փաստաթղթեր, լուսանկարներ: Մի խոսքով, Ջաջուռի թանգարանը հիմա շատ հարուստ ֆոնդ ունի, ծավալում է ակտիվ գործունեություն, որին մասնակից են դառնում շրջակա տարածքի բոլոր գյուղերի բնակիչները, ինչպես և Թբիլիսիից, Սպիտակից, այդ երթուղու վրա գտնվող այլ բնակավայրերից ժամանող արվեստասերները: Թանգարանը գտնվում է մշակույթի նախարարության ենթակայության տակ: Եվ որմնանկարների ճակատագիրը տնօրինելու հարցում մեծ է նախարարության ու, մասնավորապես, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, նրա խորհրդական Սոնա Հարությունյանի դերը: Նրանց շնորհիվ տեղից շարժվեց գործը: Բացի Ջաջուռի թանգարան տեղափոխված որմնանկարից, կան ևս երկուսը, որ պիտի տեղափոխվեն Կառավարական շենք: Ապա կրկին կժամանեն իտալացիները` իրենց բացառիկ, թերևս աշխարհում եզակի տեխնոլոգիական միջոցներով և կշարունակեն վերականգնման աշխատանքները: Ասեմ նաև, որ նրանք ոչ միայն վերականգնում են որմնանկարները, այլև նպաստում, որ հայերը, հետևելով իրենց աշխատանքին, ձեռք բերեն համապատասխան գիտելիքներ և հմտություններ այդ ոլորտում: Որմնանկարները բավական շատ են` մեկ տասնյակից ավելի, և քանի որ մենք արդեն տեսնում ենք կառավարության աջակցությունը, մեզ ապահով ենք զգում, հավատում, որ բոլորն էլ կփրկվեն:
-Ի՞նչ եք կարծում` երկար տարիներ որմնանկարները բարձիթողի վիճակում էին` պայմանավորված մեր հանրապետության սոցիալական ծանր վիճակո՞վ, թե՞ պատկան մարմինների անտարբեր, ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ:
-Ես չեմ ուզում շատ սրել խնդիրը: Գուցե իսկապես մեր պետության առջև ծառացած ֆինանսական խնդիրներն էին պատճառը: Հասկանալի է, որ նորաստեղծ պետություն էր, ղեկավարությունն զբաղված էր խառը գործերով: Շատերը գիտակցում էին, որ պետք է պատշաճ ուշադրության արժանացնել Մինասի աշխատանքները, բայց կարծես թե պահը չէր հասունացել: Հիմա ամեն բան դեպի լավն է գնում:
-Հայտնի ճշմարտություն է, որ Հայաստանում մշակութային (և ոչ միայն մշակութային) կյանքն ամբողջապես կենտրոնացած է մայրաքաղաքում: Ձեզ համար նախընտրելի չէ՞ր, որ Մինասի թանգարանը լիներ ոչ թե Ջաջուռում, այլ Երևանում:
-Ինչ խոսք, վատ չի լինի Երևանում նույնպես ունենալ Մինասի թանգարան: Եվ մենք չենք կորցնում մեր հույսը: Իսկ Ջաջուռում թանգարանի գոյությունը նպատակահարմար է այնքանով, որ դա Մինասի բնօրրանն է: Մարդիկ դիտում են Մինասի կտավները` ջաջուռյան բնանկարներ, Ջարդի ձոր, գյուղական բնապատկերներ, ու այդ ամենը նույնությամբ տեսնում իրականում` բնության մեջ: Իտալացի արվեստաբան Ֆրանչեսկո Գալոն, լինելով Ջաջուռում, հիացած էր: Նա ասաց, որ իտալացի նշանավոր նկարիչների թանգարանները նույնպես գտնվում են իրենց ծննդավայրերում, հաճախ` փոքրիկ, անհայտ գյուղերում: Որովհետև նկարչի ստեղծագործություններն առավել ճիշտ են ընկալվում բնօրրանում: Մենք նպատակ ունենք մեմորիալ թանգարանի վերածել նաև Մինասի հայրական տունը Ջաջուռում:
«ՊԵՏՔ Է ԱՌԱՎԵԼ ՍՐՏԱՑԱՎ ԼԻՆԵԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»
-Ցավոք, Մինասի որմնանկարների անմխիթար վիճակը եզակի երևույթ չէ մեր մշակութային իրականության մեջ: Առավել անհանգստացնող է հանրապետության սահմաններից դուրս գտնվող մշակութային հուշարձանների ճակատագիրը: Ձեր կարծիքով` Նախիջևանում, Վրաստանում, վերջերս նաև Ռուսաստանում` Նովոռոսիյսկում, հայկական հուշարձանների հանդեպ դրսևորված վանդալիզմը մեր պետության կողմից նման փաստերը ոչ պատշաճ արձագանքի արժանացնելու հանգամանքո՞վ է պայմանավորված: Մեր անտարբերությունն է՞լ է այստեղ ինչ-որ դեր կատարում:
-Չեմ կարծում, թե մենք անտարբեր ենք: Յուրաքանչյուր հայի սիրտ էլ շատ թե քիչ ցավում է այդ կորուստների համար: Պարզապես պետք է մի քիչ ավելի զգոն լինել, որոշակիացնել մեր դիրքորոշումը, առավել սրտացավ լինել ժողովրդի պատմական արժեքների նկատմամբ: Դա է մեր ազգի հիմքը:
-Ձեր կարծիքով` մենք առհասարակ մշակութասե՞ր ազգ ենք:
-Իհարկե, սիրում ենք: Բայց այսօրվա սերունդը զգալիորեն հեռացել է այդ արժեքներից: Չէ՞ որ մենք ապրեցինք շատ դժվար տարիներ, տեսանք սով, ցուրտ, պատերազմ: Շատ կիրթ մարդիկ հեռացան Հայաստանից: Այդ ամենից հետո եկել է մի սերունդ, որն առանձնապես տեղյակ չէ իր անցյալի արժեքներին, չի գիտակցում իր պատմական հուշարձանների նշանակությունը: Անհրաժեշտ է, որ համապատասխան անձինք, կառույցները որոշակի աշխատանք տանեն այս երիտասարդների հետ, լայնորեն քարոզեն ազգային արժեքները, որպեսզի նրանց մեջ արթնանա ազգային գիտակցությունը: Եվ այս հարցում շատ կարևոր է պետական աջակցությունը, կառավարության գործուն մասնակցությունը, որովհետև առանց մշակույթի ժողովուրդը պարզապես կվերածվի ամբոխի:
-Մոտենում է սեպտեմբերի 19-ը` Վանի Աղթամար կղզու Ս. Խաչ եկեղեցում պատարագ մատուցելու օրը: Մի իրադարձություն, որը հակասական վերաբերմունքի է արժանացել հայերիս կողմից: Դուք ի՞նչ կարծիքի եք, հայերը պետք է գնան ու մասնակցե՞ն այդ արարողությանը, թե՞ ոչ:
-Ժողովրդի մեջ իսկապես բուռն քննարկումներ են սկսվել այդ հարցի շուրջ: Ոմանք ուղղակի կոչ են անում բոյկոտելու արարողությունը: Բայց ես կարծում եմ, որ թեկուզ մեկ անգամ այդ չքնաղ եկեղեցին տեսնելը, այնտեղ մատուցվող պատարագին մասնակցելը կարող են ինչ-որ բան փոխել, ջերմացնել մարդկանց սրտերը: Ես միշտ ձգտում եմ լավատես լինել, հավատալ դրական փոփոխություններին:
-Ձեր խոսքերից կարելի է ենթադրել, որ Դուք տարածված այն կարծիքի կրողն եք, թե այսօրվա թուրքը 15 թվականի թուրքը չէ:
-Իհարկե, միանշանակ այդպես ասել չեմ կարող, բայց և չեմ ժխտում, որ ինչ-որ բան փոխվել է: Վերջերս բոլորս ականատեսը եղանք շատ թուրքերի կողմից պատմական ճշմարտությունը բացահայտելու փորձերին, 15 թիվը հիշելու կոչերին, հայերին աջակցելու պատրաստակամությանը: Այս ամենը հույս է ներշնչում: Եվ ընդհանրապես, չի կարելի կարծել, որ որևէ ժողովուրդ ամբողջովին կարող է վատը լինել: Բոլոր ժողովուրդների մեջ էլ կան և՛ լավ, և՛ վատ մարդիկ: Որոշակի տրամադրության մեջ ցանկացած մարդու մեջ էլ կարող են սրվել բացասական մղումները, բայց միշտ չէ, որ պիտի կտրուկ գործողությունների դիմել: Երբ մեր մեջ խոսում են անցյալի դառն հիշողությունները, անշուշտ, գենետիկորեն արթնանում է թշնամանքը, մաղձը թուրքի նկատմամբ: Բայց երբ մի քիչ խոր ես մտածում, ձգտում ես հաղթահարել այդ զգացողությունները, որովհետև ինչ-որ ժամանակ պիտի կարողանանք հարաբերվել միմյանց հետ առանց բարդույթների: Բայց դա կլինի այն բանից հետո, երբ թուրքերն իրենց սխալն զգան ու մեղա գան: Մշակութային շփումներով, երկխոսություններով պիտի հարթվեն մեր հարաբերությունները: Ինչ վերաբերում է կոնկրետ սեպտեմբերի 19-ի պատարագին, ապա արարողակարգի այն ձևը, որ առաջարկում են թուրքերը, միանգամայն անընդունելի է յուրաքանչյուր հայ քրիստոնյայի համար։
-Եղե՞լ եք Արևմտյան Հայաստանում:
-Ո՛չ, չեմ եղել: Ես գերզգայուն մարդ եմ: Երբ հեռուստատեսությամբ տեսնում եմ մեր հողերը, ամայացած բնակավայրերը, քամուց տատանվող չորացած խոտը, արտասվում եմ: Ես չեմ կարող այդ ամենը տեսնել իրական աչքով:
«ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՃԱՌ ՉԵՆ, ՈՐ ՄԱՐԴՆ ԻՐԵՆ ԿՈՐՑՆԻ»
-Ի՞նչ կարծիքի եք ԱՄՆ-ում կործանված երկնաքերների տեղում մզկիթ կառուցելու` Բարաք Օբամայի առաջարկի մասին: Սա բարոյական ապտա՞կ է տեռորիստ իսլամականների դեմքին, նահա՞նջ քրիստոնեական սկզբունքներից, թե՞ հանդուրժողականության քարոզ այլադավան ժողովուրդների միջև:
-Թերևս, վերջինը: Կարծում եմ, որ Օբաման այդ քայլով ցանկանում է հաշտեցնել տարբեր հավատքի պատկանող ժողովուրդներին: Իհարկե, շատ ցավալի բան կատարվեց ամերիկացիների հետ, բայց կատարվածը հաղթահարելու, վիճակը մեղմացնելու համար պետք է հաշտության ձեռք մեկնել: Անպայման չէ, որ թուր բարձրացնողին թրով պատասխանեն: Կարելի է այնպես պատասխանել, որ թուր բարձրացնողի մեջ մարդկային որակներն արթնանան:
-Երբ բարձրացավ «երկաթե վարագույրը»` փլուզվեց խորհրդային հասարակարգը, բացվեցին ՊԱԿ-ի արխիվները և բացահայտվեցին շատ գաղտնիքներ, այդ թվում նաև` Մինասի մահվանն առնչվող ինչ-ինչ հանգամանքներ: Վարուժան Վարդանյանի «Մինասի վերադարձը» գրքից տեղեկանում ենք, որ Վանո Սիրադեղյանը մեծ դերակատարություն է ունեցել չարաբաստիկ այդ ավտովթարի մանրամասները հրապարակելու գործում: Ձեզ համար ծանր չէ՞ր իմանալ ողջ ճշմարտությունը:
-Բացի գրքից, նաև ֆիլմ նկարահանվեց այդ մասին: Ամեն դեպքում, այս կամ այն չափով ճշմարտությունն իմանալը պետք է: Սովետական Միությունը փակ երկիր էր, ժողովուրդը կաշկանդված էր, ազատ չէր շնչում: Անկախությունից հետո այդ մթնոլորտը մեղացավ:
-Այսօր երկրի սահմանները բաց են, շփումներն Արևմուտքի հետ` անհամեմատ ազատ: Մեզ չի՞ սպառնում սեփական նկարագիրը կորցնելու վտանգը:
-Իսկական հայ մարդուն չի սպառնում այդ վտանգը: Օրինակ` Մինասն ինչ պայմաններում էլ ստեղծագործեր, պիտի հավատարիմ մնար ինքն իրեն: Նա ծանոթ էր արվեստում առկա բոլոր հոսանքներին, բայց ուներ իր ոճը: Իր ներսում կարող էին որոշակի փոփոխություններ կատարվել, կարող էր ավելանալ ազատամտությունը, բայց նա դուրս չէր գա սեփական նկարագրի շրջանակներից: Շատ կցանկանայի, որ Հայաստանում չտարվեինք օտար հոսանքներով: Սահմանափակ լինելու կոչ չեմ անում, բայց ուզում եմ, որ պահպանենք հայ ազգի մեջ եղած գեղեցիկ գծերը, դրանցով դաստիարակենք մատաղ սերնդին: Ամուր պահենք մեր ընտանիքները: Կանայք լինեն պարկեշտ, հոգով գեղեցիկ հայուհիներ:
-Դուք այսօր քարոզվող կանանց ազատությանը, գենդերային շարժման կարգախոսներին դե՞մ եք:
-Տանել չեմ կարողանում այդ բաները: Կինն ազատ պետք է լինի, իհարկե: Բայց այդ ազատությունը պետք է խելացի տնօրինել: Կինը պետք է լինի նպատակասլաց, կշռադատված, իմանա իր տեղը թե՛ հասարակության մեջ, թե՛ ընտանիքում: Բոլորս էլ հիշում ենք, թե մեր երկրի համար ծանր տարիներին կանայք ինչպիսի բեռ վերցրին իրենց ուսերին և պատվով տարան: Երիտասարդությունը միշտ էլ նոր բան է փնտրում կյանքում, բայց չեմ ուզում, որ շեղվի իր նկարագրից, տարվի ամերիկյան հովերով: Հայ տղամարդու համար դժվար ժամանակներ են, չկան աշխատատեղեր: Բայց և անժխտելի է, որ աշխատողը մի բան կհորինի, կգտնի անելիքը: Ես բազմաթիվ օրինակներ գիտեմ, երբ տղամարդն անում է ոչ իր կոչմանն ու մասնագիտությանը հարիր աշխատանք, բայց և այնպես ձեռքերը ծալած նստած չէ: Լավ կլինի, որ աշխատասիրության ջիղը զարթնի հայ տղամարդու մեջ: ՈՒզում եմ նաև, որ մարդիկ մի քիչ բարյացակամ լինեն իրար նկատմամբ: Հիմա չարության, նախանձի դրսևորումները շատացել են մեր մեջ: Հավանաբար, դա պայմանավորված է սոցիալական դժվարություններով: Բայց այդ դժվարությունները պատճառ չեն, որ մարդն իրեն կորցնի: Հայը պիտի կարողանա վերացնել կամ գոնե ճնշել իր մեջ վատ գծերը, որ մեր ազգը չկորցնի իր դեմքը: Արտաքին շփումներն ունեն նաև մեկ այլ դրական կողմ. ոչ միայն մենք ենք ճանաչում դրսի աշխարհը, այլև օտարներն են ճանաչում մեզ: Օրինակ` նույն Ֆրանչեսկո Գալոն կարճ ժամանակում հասցրեց ճանաչել ու սիրել Հայաստանը: Երբ նա եղել էր Ցեղասպանության թանգարանում, հուզմունքից արտասվել էր: Օտարները շատ բան չգիտեն մեր մասին, ապրում են հեռվում, իրենց անհոգ կյանքով: Այստեղ գալով, տեսնելով են մեզ ճանաչում: Սա հարկավոր է թե՛ մեզ, թե՛ նրանց:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2639

Մեկնաբանություններ